Թեհրանում տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Հնդկաստանը Իրանի, Հայաստանի, Վրաստանի տարածքով ու Սև ծովով Եվրոպային կապող միջազգային տրանսպորտային ուղու վերաբերյալ: Այս ճանապարհն ավելի էժան է լինելու, քան Ադրբեջանով և Թուրքիայով անցնող ուղիներն են: «Իրանով անցնող բոլոր բեռները, որոնք գնալու են Եվրոպա կամ Ռուսաստան, փորձելու ենք մեքենայով ապրանքը բերել մինչև Երասխ, Երասխից գնացքներով Փոթի, արդեն Փոթիից նավով դուրս գանք Եվրոպա»՝ ասել է նախարարը: Հայաստանի տարածքով այդ ուղու անցնելը ապահովելու համար այս տարի մեկնարկելու է Հյուսիս - Հարավ ավտոմայրուղու Սյունիքի ու Վայոց ձորի հատվածների շինարարությունը: Ավտոմայրուղու այդ հատվածը Ագարակը կկապի Երասխ երկաթուղային կայարանին, որը երկաթուղային կապ ունի Վրաստանի սևծովյան նավահանգիստների հետ: Այս տարի պիտի արագացվի Հյուսիս - Հարավ ավտոմայրուղու կառուցումը: Տրանսպորտային միջանցքի կարևորությունը հատկապես ընդգծվել էր Հայաստանի ու Իրանի նախագահների հեռախոսազրույցի ընթացքում: Հասան Ռոհանին ասել էր. «Պատժամիջոցներին հաջորդած ժամանակաշրջանը ճանապարհ է հարթում տնտեսական համագործակցության ընդլայնման համար, չպետք է ջանք խնայենք՝ կապելու Պարսից ծոցը Սև ծովին»: «Մենք պայմանավորվեցինք, որպեսզի երկու կոնտեյներներ Բոմբեյից բերենք՝ Իրանով, Պարսից ծոցով, Հայաստանով հասցնենք Սև ծով և այնտեղից Եվրոպա՝ որևէ եվրոպական քաղաք, կոնկրետ ֆիքսենք գինը»,- փոխանցեց Գագիկ Բեգլարյանը՝ հավելելով, որ պայմանավորվել են նաև երկու մեքենա Հայաստանից Իրանի տարածքով ուղարկել Իրաք՝ ճշգրտելու տարանցման գինը, որպեսզի այդ ուղին ևս կարողանան գործարկել:
Գագիկ Բեգլարյանը Թեհրանում հանդիպել է առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի և կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մահմուդ Վայեզի հետ, չորս հուշագիր է ստորագրել, որոնք վերաբերում են տրանսպորտի, կապի բնագավառներին: Նախարարի խոսքով, իրանական կողմին ներկայացվել է երկու երկրները կապող երկաթգծի նոր ուղի՝ Մեղրի - Վայոց ձոր - Սևան տարբերակի փոխարեն՝ Մեղրի - Վայոց ձոր - Երասխ: Նրա փոխանցմամբ, հաջորդ շաբաթ Երևան են ժամանելու իրանցի մասնագետները՝ ուսումնասիրելու նոր տարբերակը. «Հնարավոր է, սա ավելի կարճ լինի և ավելի արագ կառուցվի ապագայում: Իրանական կողմը շահագրգռվածություն ցուցաբերեց նոր երկաթգծի տեխնիկական ուսումնասիրության և վերջնական նախագծերի հարցում՝ մասնակցություն ունենա և մեզ օգնի»: